«Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը՝ պահանջելով իրենց 8 ամսվա աշխատավարձը:

Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 30 րոպե միջպետական ավտոճանապարհը գրեթե միակողմանի փակ է եղել:  Ոստիկանության հայտարարություններից հետո, թե ճանապարհն ամբողջությամբ փակելու դեպքում իրենք ուժ կկիրառեն, ցուցարարները տեղի են տվել: Նրանք հրաժարվել են փակել ճանապարհը, խոստանալով դա անել վաղը՝ այսկերպ մեկ օր ժամանակ տալով պատկան մարմիններին, որ լուծում տան իրենց խնդրին:

Հիշեցնենք, որ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները, որոնք 2013-ից հարկադիր պարապուրդի մեջ են, պարբերաբար հավաքվում են Վանաձորի մարզպետարանի դիմաց եւ պահանջում իրենց աշխատավարձերը։