Ռոստովի Սինյավսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի ողբերգության ականատես Ռուսլանը պատմել է, թե ինչպես են զայրացած գյուղացիներն անխղճորեն ծեծել եւ սպանել 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին:

Ռուսլանը վախեցել է դեմքը ցույց տալ: Նա այն քչերից է, որ այդ երեկո սթափ է եղել ու հրաշալի հիշում է, թե ինչ է տեղի ունեցել: Հենց նա է կանգնեցրել վարորդին եւ անջատել մեքենան: Ռուսլանը վստահեցնում է, որ ծեծին չի մասնակցել, պարզապես կանգնած դիտել է: NTV-ի փոխանցմամբ, շուրջ 50 մարդ է ծեծել նախ հայ երիտասարդին, ապա նաեւ նրա հորը՝ Սերգեյին: «Նրանք, ովքեր, հավանաբար, չէին կարողացել հասնել նրանց ու ծեծել, սկսեցին հարվածել մեքենային, կոտրել լուսարձակներն ու ապակիները»,- նշել է Ռուսլանը:

Ռաֆայել Խլղաթյանը կին եւ փոքրիկ դուստր ունի: Այդ օրը ընտանիքը կնքել էր 7 ամսական երեխային:

Հիշեցնենք, որ Սինյավսկոյե գյուղում ամբոխը մահացու ծեծի էր ենթարկել Ford Focus-ի 22-ամյա վարորդ Ռաֆայել Խլղաթյանին այն բանի համար, որ վերջինը խմած վիճակում հարվածել էր կայանված հինգ մեքենաների: Ավելի ուշ ինքնադատաստանի գլխավոր մասնակիցը՝ նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրեյը, ձերբակալվել է:

Հետաքննության վարկածով, հենց նա է «ձռքով եւ ոտքով հարվածել տուժածի գլխին, ինչի արդյունքում նա գետին է ընկել եւ կորցրել գիտակցությունը»: Հարուցվել է քրեական գործ, մեղավորին մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: