«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցները, որ երրորդ օրն է՝ անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով իրենց աշխատավարձերը, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, գործարանի մոտ հանդիպել են գործարանի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովին, սակայն աշխատակիցներին նրա հետ զրուցել չի հաջողվել:

Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 10:00-ի սահմանում գործարան է եկել Ալեքսանդր Սնեգիրյովը, որին քիմպրոմցիները դիմավորել են գոռգոռոցներով:

«Պայմանագիրը դու ես կնքել ու էս ժողովրդին էշի տե՞ղ ես դնում: Օրենքով պիտի փակեն, որ դու էդտեղ չմտնես, 10 ամիս ա՝ խաբում ես մեզ»,- վրդովված ասաց աշխատակիցներից Սուսաննա Սիմոնյանը: «Մի հատ հլը քեզ հանգիստ պահի, ձենդ չբարձրացնես»,– պատասխանեց տնօրենը։ Կինը նրա հետեւից գոռգոռալով մտավ նրա աշխատասենյակ, կարճ ժամանակ անց նրան դուրս հանեցին:

Ալեքսանդր Սնեգիրյովը համաձայնեց ընդունել միայն լրագրողներին: Հանդիպման ավարտին տնօրենին տեսնելու հույսով աշխատասենյակի ընդունարանում են հավաքվեցին քիմպրոմցիները: Սնեգիրյովը դուրս եկավ աշխատասենյակից,  բարեւեց աշխատակիցներին եւ արագ հեռացավ: Քիմպրոմցիներն արագ դուրս եկան նրա հետեւից, հարցեր ուղղեցին, որոնց տնօրենը չպատասխանեց, միայն մեկին ասաց. «Քո նման վարձու բան էլ ես եմ»:

Քիմպրոմցիները կշարունակեն բողոքի ակցիաները, նրանք նախատեսում են վաղը  առավոտյան Լոռու մարզպետարանի դիմաց նստացույց սկսել: