Բուժվելուց հետո ցանկանում է վերադառնալ Հայաստան, սովորել ու օգնել մյուս կարիքավոր մարդկանց, որոնք իր պես օգնության կարիք ունեն:

Երեւանի Հյուսիսային պողոտայում  այսօր` սեպտեմբերի 9-ին, «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր վերջին դրամահավաքը` բանակում 2012թ. ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած Սամվել Ավետիսյանի բուժման համար:

«Մենք» նախաձեռնության հիմնադիրներից Արման Անդրեասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա իրենց կողմից կազմակերպված 3-րդ դրամահավաքն է Սամվելի համար:

«Գերմանիայում Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը հոգալու է «Կարմիր խաչը», բայց Սամվելին 10.000 եվրո է հարկավոր ճանապարհածախսի, Գերմանիայում մնալու ու նախնական ստուգումներն անցնելու համար: Մենք արդեն հավաքել ենք 6500 եվրո, հույս ունենք` այս դրամահավաքի ընթացքում հավաքել 3500 եվրոն, որը պակասում է»,- ասաց Արման Անդրեասյանը:

Դրամահավաքի ընթացքում ազգագրական երգ ու պարով հանդես եկան երգիչ-երգչուհիներ ու պարային խմբեր:  Քաղաքացիներին նաև թռուցիկներ բաժանվեցին, որոնց վրա գրված էին այն հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Սամվելի համար:

 «Հույս ունեմ, որ այս դրամահավաքը կլինի վերջինը, ու շուտով կկարողանամ քայլել»,– NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվելը։

Դրամահավաքը կշարունակվի մինչեւ այսօր` ժամը 23։00–ն։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած արդեն 3 տարի անվասայլակին գամված  22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում  բուժման համար անհրաժեշտ է 10,000 եվրո, որից դեռևս հավաքվել է 6500 եվրոն:

Նշենք նաև, որ Սամվելի բուժման հավանականությունը Գերմանիայում 80-90 տոկոս է:

Սամվելի բուժման համար ցանկացողները կարող են գումար փոխանցել HSBC բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`

006 001 911 001 AMD

006 001 911 102 EURO

006 001 911 103 RUB

Սամվել Ավետիսյան

Հեռախոսահամար՝

098 503 225

 

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am