Տղամարդը, ում ամերիկյան դատարանը մեղադրում էր լրտեսության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով: Դատական նիստը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Ալեքսանդր Ֆիշենկոն, որը եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացի է, հաստատել է, որ ապօրինի ճանապարհով միկրոէլեկտրոնային կոմպոնենտներ է  արտահանել Ռուսաստան:

Մեղադրական կողմի կարծիքով ՝ այդ կոմպոնենտները հետագայում օգտագործվել են ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ռուսական հետախուզական ծառայությունների կարիքների համար, հայտնում է NTDTV-ն:

Դատախազները ասում են, որ 2008-2012 թթ. Ֆիշենկոն վերահսկել է միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ԱՄՆ նորագույն տեխնոլոգիաների մշակումների ստացման սխեման ու դրանք ուղարկել է Ռուսաստան ՝ շրջանցելով արտահանման համար արտոնագրերի տրամադրման կառավարական համակագերը:

Մեղադրող կողմը նաեւ հավաստիացնում է, որ Ֆիշենկոն օգտագործել է իր կողմից հիմնադրված եւ Հյուսթոնում գրանցված Arc Electronics ընկերությունը ՝ ռուսական գերատեսչությունների ՝ այդ թվում բանակի ու հետախուզության համար էլեկտրոնային կոմպոնենտներ ստանալու նպատակով:

Այդ կոմպոնենտները ներառում էին միկրոպրոցեսորային կառավարող սարքեր, ստատիկ օպերատիվ հիշողության չիպեր ու թվային վերափոխիչներ: Բոլոր այս մշակումները կարող են օգտագործվել ռադարային սարքերում ու հետապնդման համակարգերում, ինչպես նաեւ հրթիռների կառավարման բնագավառում: Ֆիշենկոյին ու եւս տասը կասկածյալների առաջին մեղադրանքները առաջադրվել են 2012 թ: Այն ժամանակ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների ապօրինի մատակարարման լայնածավալ ցանց:

Ալեքսանդր Ֆիշենկոյի գործով հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերի 21-ին: