20 տարվա անպտղությունից հետո իրենց առաջնեկին ունեցած վանաձորցի ամուսինները մի քանի օրից տուն կտանեն փոքրիկ Լիլիային։
Երկար սպասված աղջկան տեսնելու է գալիս ամբողջ հիվանդանոցը։ Մայրը նրան գրկից բաց չի թողնում։ Կատարյալ երջանկության համար պակասում են միայն ծնողները։
«Չհասցրին տեսնել իրենց առաջին թոռնիկին։ Շատ էին սպասում»,– ասում է Նարինեն, որը ծնողների միակ զավակն է։
Բժիշկներն ասում են` Նարինեի դեպքը եզակի է նրանով, որ 20 տարվա անպտղությունից հետո 41–ամյա կինը հղիացել է ոչ թե արտամարմնային բեղմնավորման, այլ բնական ճանապարհով։ Սկզբում ֆինանսական խնդիրների պատճառով լուրջ հետազոտություններ չեն արել, հետո Երեւան են գնացել, պարզել խնդիրը, Նարինեն վիրահատվել է ու հղիացել։
Մի անգամ էլ են Երեւան գնացել, երբ իմացել են, որ Նարինեն հղի է. չէին հավատում, ուզում էին համոզվել, վերադառնալուց հետո միայն համարձակություն են ունեցել բարի լուրը հարազատներին հաղորդել։
Անպտղությամբ տառապող զույգերին ամուսինները խորհուրդ են տալիս հույսը երբեք չկորցնել, բայց եւ ընտանիքի ամրությունն ու երջանկությունը երեխայով չպայմանավորել։
«Որտեղ սեր կա, դա նշանակություն չունի»,– ասում է 43–ամյա Արտաշը։
Երկրորդ երեխայի մասին Արտաշն ու Նարինեն առայժմ չեն մտածում։ Դեռ վայելում են առաջինի երջանկությունը։













