ՄԱԿ շեֆ խոհարար Դեն Լոպեսը պատմել է, թե ինչ են ուտում Նյու Յորքի Գլխավոր ասամբլեային մասնակցող համաշխարհային առաջնորդները։ «4 հազար մարդու կերակրելն ավելի հեշտ է, քան 170-190 պետության ղեկավարի, որովհետեւ սովորաբար մարդկանց համար անվտանգության նման խիստ համակարգ չի գործում»,- ասել է Լոպեսը, որի խոսքը մեջբերում է ՄԱԿ լրատվական կենտրոնը։
Ինչպես նշել է շեֆ խոհարարը, նրա խնդիրն է պատրաստել մի քանի նախուտեստ, հիմնական ճաշատեսակ եւ աղանդեր։ Լոպեսը նշել է, որ իրենք պատրաստում են ոչ միայն հիմնական ճաշացանկ, այլ նաեւ ճաշացանկ նրանց համար, ովքեր որոշակի դիետա են պահում։ «Այստեղ ՄԱԿ-ում նրանք դասական ֆրանսիական խոհանոցն են նախընտրում։ Նրանք սիրում են հորթի, ոչխարի միս, ֆիլե մինյոն։ Համենայն դեպս 12 տարվա իմ աշխատանքի ընթացքում այդ ճաշատեսակները միշտ եղել են ցուցակում»,- ասել է խոհարարը, գրում է Gazeta-ն։
Բացի այդ, Լոպեսի թիմը պատրաստում է ձկան եւ բուսական ճաշատեսակներ։





























