Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը: Այդպիսով ուկրաինական կողմն ակնհայտորեն ցանկացել է իր անհամաձայնությունն արտահայտել Մոսկվայի քաղաքականության շուրջ:

Այդպիսի դեմարշներ ՄԱԿ-ում հաճախ են լինում: Որոշ դեպքերում դրանք սպասելի են եւ նույնիսկ ավանդական են դարձել: Այսպես, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթների ժամանակ Իսրայելի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ բազմիցս են հեռացել դահլիճից՝ բողոք արտահայտելով իրանցի ղեկավարի բացահայտ հակաիսրայելական արտահայտությունների դեմ:

Քանի որ Ահմադինեժադը ելույթ էր ունենում գրեթե ամեն տարի, ապա իսրայելցի, ամերիկացի եւ եվրոպական դիվանագետների դեմարշները նույնպես միանգամայն սովորական դարձան: ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ իրանական պատվիրակությունն ամերիկյան կողմից նույն կերպ էր պատասխանում: