ՄԱԿ անդամ երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը նոր վերազգային արժույթ ստեղծելու համար։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Նրա խոսքով՝ այդ քայլը պետք է կապվի գլոբալ կայուն զարգացման եւ բարգավաճման խնդիրների եւ նպատակների հետ։

Նազարբաեւը կոչ է արել մինչեւ 2045թ. գլոբալ ռազմավարական պլան մշակել, որի հիմնական գաղափարը պետք է լինի արդար պայմաններում համաշխարհային զարգացման նոր միտումների մեկնարկը, երբ բոլոր ազգերը գլոբալ ենթակառուցվածքների, ռեսուրսների եւ շուկաների հավասար հասանելիություն կունենան, փոխանցում է Lenta-ն։
Նազարբաեւն առաջարկել է ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը վերաձեւավորել Զարգացման գլոբալ խորհրդի։

Նրա խոսքով՝ այդ մոտեցումը կարող է զգալիորեն նվազեցնել գլոբալ ճգնաժամերի ռիսկերը եւ կօգնի պետություններին իրականացնել իրենց տնտեսական եւ սոցիալական մարտավարությունները։