Դաշինքների դիմակայությունն աշխարհին կանգնեցրել է նոր պատերազմի շեմին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70 –րդ նստաշրջանում:

«Արտաքին միջամտության, «գունավոր» հեղափոխությունների արտահանման ու ռեժիմների արհեստական փոփոխման հետեւանքով երբեմնի կայուն երկրները ընկղմվել են քաոսի ու ամենաթողության մեջ: Այս ամենը քողարկվում է ժողովրդավարությամբ»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, խոստացված ժողովրդավարության ու բարգավաճման փոխարեն այդ երկրների մարդկանց բաժին են հասել սարսափելի տառապանքներ, եւ նրանք ստիպված են փախուստի դիմել, որպեսզի փրկվեն: «Միգրանտների ամբոխներն այսօր գրոհում են Եվրոպան: Եվ սա նույնպես սուր միջազգային խնդիր է»,- նշել է նախագահը: «Այսօր մենք ավելի մեծ կախում ունենք իրարից: Մեկ պետության գործողությունները ուղղակիորեն անդրադառնում են բազմաթիվ այլ պետությունների շահերի վրա: Անխոցելի երկրներ այլեւս չկան»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այս կապակցությամբ նա արձանագրել է զսպման ու հակակշիռների արդյունավետ համակարգի բացակայությունը: «Պետությունները, որոնք հավակնում են համաշխարհային լիդերության, ցավոք, չեն կարողանում խուսափել՝ իրենց սեփական շահերն ապահովելու նպատակով ուժ եւ տնտեսական շանտաժ կիրառելու գայթակղությունից: Աշխարհը վտանգավոր չափով մոտեցել է ՄԱԿ-ի կանոնադրութւան մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից փաստացի հրաժարմանը: Կազմակերպությունը չպետք է դառնա  պետությունների փոխադարձ մեղադրանքների ու առճակատման վայր»,- ասել է Բելառուսի ղեկավարը: