ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավուր պատշաճի չարձագանքեց Ուկրաինայում տիրող իրավիճակին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում համաշխարհային խնդիրների շուրջ ընդհանուր քաղաքական քննարկումներում այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսը:

Նրա խոսքով, բռնությամբ ուղեկցվող իրադարձությունների դեպքում, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում, անգործությունը «սխալ ընկալում է ստեղծում, որ անկախ ինքնիշխան պետություններից տարածքների անօրինական բռնագրավումը հնարավոր է եւ թույլատրելի»:

«Դրա օրինակն Ուկրաինայի իրավիճակն է, որին ի պատասխան ՄԱԿ-ը եւ Անվտանգության խորհուրդը, մասնավորապես, համապատասխան գործողություններ չձեռնարկեցին, որոնք ակնկալվում էին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը: Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ ենք անում համապատասխան գործել եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության շահերի կողմը լինել»,- հայտարարել է Վերներ Յոհանիսը:

ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Ռումինիայի նախագահն աջակցություն է հայտնել զանգվածային վայրագությունների եւ ռազմական հանցագործությունների կանխման դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չօգտագործելու վերաբերյալ Ֆրանսիայի եւ Մեքսիկայի նախաձեռնությանը: