Մոսկվան չի կարող համաձայնել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի գնահատականի հետ այն մասին, որ Ռուսաստանը սիրիական ճգնաժամում «յուղ է լցնում կրակի վրա»: Այս մասին ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չեմ կարող համաձայնել պարոն Քարթերի գնահատականի հետ: Մեզ հայտնի է բազմաթիվ լարված գոտիների մասին, որտեղ «կրակին միայն յուղ են լցրել»: Եվ հենց Պենտագոնն է այդ յուղը «լցրել» տվյալ տարածաշրջանում: Մեր դիրքորոշումն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքին»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ*ի դիրքերի ուղղությամբ՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին ի պատասխան: Միաժամանակ, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցնում 2014 թվականի սեպտեմբերից՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ իր գործողությունները չհամակարգելով սիրիական իշխանությունների հետ: