Պատժամիջոցների վերացումից մի քանի ամիս անց Իրանը կկարողանա  500 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը։ Այս մասին  Oil and Money  համաժողովի միջանցքներում լրագրողներին հայտնել է Նավթի նախարարությանը կից Իրանական վերստուգիչ կոմիտեի նախագահ Մեհդի Հոսեյնին։ 

«Երբ պատժամիջոցները հանվեն,   մի քանի ամիս անց մենք կկարողանանք օրական  500 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը», - ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոսեյնին ենթադրել է, թե նավթի արդյունահանումն օրական  1 միլիոն բարելով ավելացնելը  «մոտ մեկ տարի» կպահանջի։ «Կարծում եմ, որ հունվարին պատժամիջոցները կհանվեն։ Պատժամիջոցային կառուցվածքն այլեւս չի գործում»։

Մինչեւ ատոմային ծրագիր ստեղծելու հետեւանքով Թեհրանի դեմ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը, Իրանում նավթի արդյունահանումն օրական մոտ  4,1 միլիոն բարել էր կազմում։ Դրանից օրական 2,5 միլիոն բարելն արտահանվում էր։

Որոշ գնահատականների համաձայն, ներկայումս Իրանն օրական  2,8 միլիոն բարել նավթ է արդյունահանում։