Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը լիարժեք չի լինի, եթե դրան չհետեւի տարածքային փոխհատուցումը: Նման կարծիք ունի Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար Արմեն Մարուքյանը:
«Միայն նյութական փոխհատուցումն ու մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ մեր իրավունքները վերականգնելը բավական չէ. դա կեսհատուցում կլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ քանի որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայերի հայրենիքը գրավելն էր, առանց տարածքային փոխհատուցման չի վերանա 1915 թվականի Ցեղասպանության գլխավոր հետեւանքը՝ հայերին հայրենիքից զրկելու հարցը:
Արմեն Մարուքյանի խոսքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է հայկական սփյուռքում. արեւմտահայերը, որոնք Ցեղասպանությունից հետո հայտնվել են տարբեր երկրներում եւ իրենց վրա են զգացել այդ ողբերգության բոլոր հետեւանքները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց սկսեցին, եւ մինչեւ 1991 թվականը նրանց ջանքերի շնորհիվ մի շարք երկրների խորհրդարաններում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւեր ընդունվեցին:
1991 թվականին Հայաստանն անկախ պետություն եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դարձավ եւ վերջապես հնարավորություն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ տանել որպես պետություն:
Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ կարեւոր քայլեր են արվել, որոնցից մեկն էլ, Արմեն Մարուքյանի կարծիքով, Հայաստանի առաջարկությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում բանաձեւի ընդունումն էր: Բանաձեւի համաձայն, դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանություն հանցագործության կանխման մասին կոնվենցիայի ընդունման օրը, Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Արժանապատվության օր է կոչվել:




























