ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը նախապես չհայտարարված այցով ժամանում է Իսրայել: Այս մասին հաղորդում է Իսրայելի պետական ռադիոն:

«Շրջագայությամբ Եվրոպայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել է այցելել է տարածաշրջան՝ քննարկելու անվտանգության հարցում ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ելքերը»,-փոխանցել է ռադիոն:

Բան Կի-Մունի այցի ծրագրի եւ նախատեսված հանդիպումների մասին դեռ տեղեկություններ չկան: Բացի այդ, այցելության փաստը եւս դեռ պաշտոնական մակարդակով եւս չի հաստատվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեսաուղերձով դիմել էր իսրայելցիներին ու պաղեստինցիներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից եւ ջանքերը կենտրոնացնել խնդրի խաղաղ կարգավորման վրա: նա հայտարարել էր, որ բռնությունը «միայն վնասում է պետականություն ձեռք բրելու պաղեստինցիների օրինական ջանքերին, ինչպես նաեւ իրենց անվտանգությունն ապահովելու իսրայելցիների ձգտումներին»:

Իսրայելում իրավիճակը սրվել է հոկտեմբերի սկզբին: Իսրայելի բանակի տվյալներով, այս ընթացքում տեղի է ունեցել 41 ահաբեկչություն, որի հետեւանքով մահացել է 8, վիրավորվել 75 իսրայելցի: