Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Այս մասին, հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Ազգային ՄԱԿ-ի մոդել համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Հանդիպման նպատակն էր Երեւանում անցկացվելիք կազմակերպության հիմնադրման 70-ամյակին եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին նվիրված համաժողովին ընդառաջ ուսանող-պատվիրակների հետ քննարկել ՄԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները եւ ընթացակարգային ու բովանդակային հարցեր:
Հանդիպմանը Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները, նա խոսել է միջազգային այդ ունիվերսալ կառույցում ՀՀ պատվիրակությունների ներգրավվածության մասին: Փոխնախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին` նշելով որ այսօր Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին եւ, հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած դրական փորձի վրա, իր գործնական ներդրումը բերել համաշխարհային գործընթացներին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացներում:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՄԱԿ-ի գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ աշխատակիցներ, հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողներ:




























