ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով Գլխավոր կոմիսարի տեսչությունը քննադատությամբ է հանդես եկել Չեխիայի իշխանությունների հասցեին ներգաղթյալների իրավունքների շարունակական խախտումների եւ նրանց ստորացուցիչ պայմաններում պահելու համար: 

Ինչպես հաղորդել է տեսչության պետ Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, փախստականներին երկրի տարածքում պահում են  մինչեւ 90 օր եւ նրանցից փող են քամում նրանց իսկ կեցությունն ապահովելու համար: 

Կոմիսարը նաեւ ասել է, որ ՄԱԿ-ն անհանգստացած է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի իսլամոֆոբ հայտարարություններով: 

Այնինչ, Զեմանի ներկայացուցիչն ասել է, որ պետության ղեկավարը մտադիր է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

«Նախագահը վաղուց զգուշացնում էր իսլամական արմատականության վտանգի մասին: Դա նրա կարծիքն է եւ նա իր կարծիքը չի փոխի արտասահմանից ճնշման հետեւանքով», - ասել է ներկայացուցիչը:

Մինչ այդ, Սլովենիայի Բրեժիցե ժամանակավոր վրանային ճամբարում ապրողներն այն այրել էին  ի նշան բողոքի գործող իշխանությունների դեմ, որոնք, նրանց կարծիքով, չափից ավելի դանդաղ են կատարում ժամանածների գրանցումը եւ Ավստրիայի սահման տեղափոխելը:

Անցած շաբաթ Հունգարիան փակել էր Սերբիայի եւ Խորվաթիայի հետ սահմանը եւ անվտանգության նկատառումներով հրաժարվել էր ներգաղթյալներին թույլ տալ, որ իր տարածքով ուղեւորվեն մեկ ուրիշ երկիր: