Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ եւ այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան եւ 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:

Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նշանավոր կառույցներ՝ Ավստրալիայում Սիդնեյի օպերային թատրոնից մինչեւ Եգիպտոսում Գիզայի բուրգերը, Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանից մինչեւ Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ կլուսավորվեն կապույտով: Այլ մասնակիցների թվում են Ռուսաստանի «Էրմիտաժ» թանգարանը, Հորդանանի հնադարյան Պետրա քաղաքը, Պիզայի թեք աշտարակն Իտալիայում, Միացյալ Թագավորության Էդինբուրգի ամրոցն ու Վեստմինստերյան կենտրոնական սրահը, Հարավային Աֆրիկայի Սեղանաձեւ լեռը, Ճապոնիայի ՍքայԹրի աշտարակը եւ Իսպանիայի Ալհամբրա համալիրը:

Հայաստանը նույնպես միանում է համաշխարհային այս արշավին, ու Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքը, 5-7 դարերի Սուրբ Գրիգոր տաճարը (Զվարթնոց) Վաղարշապատում, Թուֆենկյան Հին Դիլիջան (19-20-րդ դարեր) համալիրը Դիլիջանում եւ Մայր Հայաստան հուշարձանը Գյումրիում հոկտեմբերի 23-ին եւ 24-ին կլուսավորվեն կապույտով:

«Ես երախտապարտ եմ, որ մեր անդամ երկրներն այսքան մեծ խանդավառությամբ են նշում ՄԱԿ-ի 70-տարին՝ նվիրված խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների աջակցությանը,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:- Մեկ օրով ներկելով աշխարհը ՄԱԿ-ի կապույտով՝ կարող ենք լուսավորել դեպի ավելի լավ ապագա տանող ճանապարհը»:

Համաշխարհային հոբելյանական արարողությունները կմեկնարկեն Նոր Զելանդիայում, ապա Ավստրալիայում՝ մթնշաղին լուսավորելով Սիդնեյի օպերային թատրոնը, եւ այնտեղից ՄԱԿ-ի կապույտի ալիքը կտարածվի երկրներով ու մայրցամաքներով, քանի որ միջազգային միջոցառմանը մասնակցում են նշանավոր կառույցներ ամբողջ աշխարհից:

ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակի շենքը կլուսավորվի 2 գիշեր՝ սկսած հոկտեմբերի 23-ից, երբ տեղի կունենա ՄԱԿ-ի օրվան նվիրված ամենամյա համերգը, եւ եզրափակվելով հոկտեմբերի 24-ին:

Այս համաշխարհային միջոցառումը լայնորեն կլուսաբանվի սոցիալական ցանցերում՝ #UNBlue հեշթեգի կիրառմամբ, ի հավելումն ամբողջ տարին օգտագործված #UN70-ի, եւ կտարածվի Instagram, Facebook, Twitter, Weibo, Flickr եւ այլ հարթակներում ՄԱԿ-ի միլիոնավոր հետեւորդների շրջանակում:

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի կապույտով ներկված նշանավոր կառույցների լուսանկարներն ու տեսանյութերը հասանելի կլինեն լրատվամիջոցներին Flickr-ի եւ UNIFEED-ի միջոցով:

«Ներկենք աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» արշավի եւ ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված համաշխարհային միջոցառումների ու տոնակատարությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել www.un.org/un70 կայքում: