«Մերձավորարեւելյան քառյակն» առաջիկայում պատվիրակներ կուղարկի տարածաշրջան՝ հակամարտող կողմերի հետ բանակցություններ վարելու եւ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները կատարելու կոչ անելու համար: Այս մասին ասված է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում ընդունված «քառյակի» հայտարարությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «քառյակը» նաեւ ողջունում է պատվիրակների հետ համագործակցելու՝ կողմերի պատրաստակամությունը: Ըստ հայտարարության հեղինակների, «քառյակն» Իսրայելին կոչ է անում Հորդանանի հետ միասին աշխատել՝ Երուսաղեմում սուրբ վայրերի ստատուս-քվոն պահպանելու համար:
Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաքում երկկողմ եւ բազմակողմ մի շարք հանդիպումներ են անցկացվել Սիրիայի, ինչպես նաեւ մերձավորարեւելյան խնդիրների կարգավորման շուրջ:
Հավելենք նաեւ, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվեց Տաճարի լեռան վրա հուզումների հետեւանքով, որոնց պատճառն այնտեղ հրեական ներկայությունը վերականգնելու շուրջ Իսրայելի ծրագրերի մասին լուրերն էին:




























