Հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների հետ համատեղ նշեց կազմակերպության 70-րդ տարեդարձը:

«ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձն հարմար հնարավորություն է՝ ընդգծելու կազմակերպության բազում եւ տեւական նվաճումները, ինչպես նաեւ ամրապնդելու մեր միասնական վճռականությունը, որպեսզի անենք ավելին նպաստելու խաղաղության եւ անվտանգության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների գործողություններին»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս առթիվ արված իր հատուկ ուղերձում:

Իր հիմնումից 70 տարի հետո՝ ՄԱԿ-ը շարունակում է մնալ փարոս մարդկության համար: Ամեն օր ՄԱԿ-ը կերակրում է քաղցածներին եւ ապաստան հայթայթում՝ իրենց տներից զրկվածներին: ՄԱԿ-ը պատվաստում է այն երեխաներին, ովքեր, հակառակ դեպքում, կմահանային կանխարգելելի հիվանդություններից: ՄԱԿ-ի խաղաղապահները հակամարտությունների առաջնային գծերում են։ Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ՄԱԿ-ն աշխատում է մարդկության ամբողջ յոթ միլիարդ ընտանիքի ու հոգ է տանում երկրագնդի համար։

ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետոն հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում հնչեցրած իր խոսքում նշեց. «Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է հենց հանրապետության հիմնումից սկսած, եւ ՄԱԿ-ը եւս ի սկզբանե ակտիվ է եղելՀայաստանում: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով՝ ավելի վաղ շրջանում հակամարտությունից տուժած մարդկանց ցուցաբերած օգնությունից մինչեւ աղետներին պատրաստվածություն, երեխաների իրավունքների բարելավում, մանկական մահացության դեպքերի կրճատում, գենդերային հավասարության ամրապնդում եւ մարդու իրավունքների պաշտպանություն»:

ՀՀ փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանն իր խոսքում նշեց հետեւյալը. «Այս տարի մենք ամփոփում ենք Հազարամյակի զարգացման նպատակները: Չնայած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առումով ակնառու նվաճումներին, մենք հասկանում ենք, որ անելիքները դեռ շատ են, այդ գործընթացն անհրաժեշտ է շարունակել եւ կատարելագործել: Այս մոտեցումն է հիմք հանդիսացել Հայաստանի համար ՄԱԿ-ի զարգացման նոր` ավելի համապարփակ եւ ընդգրկուն ծրագրի մշակմանը` «Ձեւափոխելով աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030», առաջին իսկ օրից մասնակցելու համար: Նոր օրակարգն իր 17 նպատակներով եւ 169 թիրախներով կոչված է ապահովել աշխարհի բնակչության կյանքի որակի կայուն զարգացում բոլոր բնագավառներում:»

Տարեդարձը նշելու համար՝ աշխարհի տարբեր ծայրերում հուշարձաններ եւ շենքեր լուսավորվում են ՄԱԿ-ի կապույտ գույնով: Հայաստանը եւս միացել է «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» համաշխարհային արշավին: Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը եւ Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը աշխարհի ավելի քան 65 երկրներից մոտ 300 հուշարձանների, շենքերի, թանգարանների, կամուրջների ցանկում են, որոնք հոկտեմբերի 23-ին եւ 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:

1945թ. հոկտեմբերի 24-ին՝ 70 տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնարար կանոնադրությունը՝ այդպիսով հայտարարելով կազմակերպության հիմնադրումը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն սկսեց գործել 1992թ. դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նույն թվականի մարտին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: