ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հոկտեմբերի 27-ին 24-րդ անգամ ԱՄՆ-ին կոչ կանի չեղարկել Կուբայի դեմ տնտեսական եւ առեւտրային պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով EFE գործակալությանը:

Գլխավոր վեհաժողովի 193 անդամ-պետությունները դիտարկելու են Վաշինգտոնի կողմից «տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական շրջափակմանը վերջ դնելու անհրաժեշտության» մասին բանաձեւը:

Անցյալ տարի բանաձեւը սատարել էր 188 երկիր, դեմ էին քվեարկել ԱՄՆ-ն եւ Իսրայելը:

Այս տարի հատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, թե ինչպես կքվեարկի ամերիկյան պատվիրակությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստը: