Հայաստանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեւավորել վերահսկողության մեխանիզմ, որը քննության կառնի եւ կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը՝ հատկապես պատմության եւ սոցիալական գիտությունների բնագավառներում՝ հատուկ շեշտադրում կատարելով խտրականության եւ այլատյացության բացառման վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի պահանջներից է, որպեսզի կրթությունը նպաստի բոլոր ժողովուրդների, էթնիկական եւ կրոնական խմբերի միջեւ փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը եւ բարեկամությանը: Հաշվի առնելով կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ դերը՝ մենք կոչ ենք անում Կազմակերպությանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձեւավորել վերահսկողության մեխանիզմ, որը քննության կառնի եւ կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը՝ հատկապես պատմության եւ սոցիալական գիտությունների բնագավառներում՝ հատուկ շեշտադրում կատարելով խտրականության եւ այլատյացության բացառման վրա: Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարյա հայկական ժառանգությունը, մշակույթը եւ պատմությունը: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակվում է այլոց մշակութային ժառանգության բռնի յուրացմամբ կամ ոչնչացմամբ, եւ նույնիսկ ավելին՝ հարեւան ժողովուրդների մշակութային ժառանգության բռնազավթմամբ: Պետություն, որը դեռեւս մեկ դար էլ չկա, ինչ հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ոտնձգություններ է կատարում մի երկրի եւ ժողովրդի մշակույթի նկատմամբ, որի մի քանի հազարամյակների պատմությունը գրանցված է վաղնջական ժամանակներից:

Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտանիքի անդամ, մենք կողմնակից ենք ընդգրկուն կրթական համակարգի զարգացմանը, խտրականության ցանկացած արտահայտության բացառմանը, կրթության բնագավառում բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Այս առումով կցանկանայի ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծրագրերից եւ նախագծերից ոչ մեկին դուրս չթողնելու կարեւորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր բնակվում են այն տարածքներում, որոնց քաղաքական կարգավիճակը որոշված չէ եւ ենթակա է կարգավորման համաձայնեցված բանակցային գործընթացների շրջանակներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է երաշխավորի սեփական գործունեության համընդգրկուն բնույթը՝ առանց քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ այլ տեսակի խտրականության»: