ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է «Իսլամական պետության» ու «Ալ Կաիդայի» ահաբեկիչների դեմ պայքարի համակարգման մասին՝ Ֆրանսիայի պատրաստած բանաձեւը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթին կողմ են քվեարկել ԱԽ բոլոր 15 անդամները: Այն կոչ է անում ՄԱԿ-ի անդամ պետություններին, որոնք բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելու հնարավորություն ունեն, միջազգային իրավունքի համապատասխան ուժեղացնել ու համակարգել պայքարը ԻՊ ու «Ֆրոնտ ան Նուսրա» խոշորագույն ծայրահեղական խմբավորումների դեմ՝ ահաբեկչությունների կանխարգելման նպատակով:

Բանաձեւը «Ֆրոնտ ան Նուսրան» ու «Ալ Կաիդայի» հետ կապակցված բոլոր խմբավորումները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք է հռչակում: Փաստաթուղթը կոչ է անում վերացնել այն «անվտանգ հանգրվանը», որն ահաբեկիչները ստեղծել են Իրաքի ու Սիրիայի տարածքների զգալի մասում: Բացի դրանից բանաձեւը կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում ավելի ակտիվ խոչընդոտել օտարերկրացի զինյալների հոսքին դեպի Իրաք ու Սիրիա ու փակել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրները, որոնք եկամուտներ են ստանում նավթի ու արժեքավոր իրերի վաճառքից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը «դատապարտում է այն ահաբեկչությունները, որոնք ԻՊ-ն իրականացրել է հունիսի 26-ին Թունիսի Սուսայում, հոկտեմբերի 10-ին՝ Անկարայում, հոկտեմբերի 31-ին՝ Սինայում, նոյեմբերի 12-ին՝ Բեյրութում, նոյեմբերի 13-ին՝ Փարիզում» ու ցավակցություն է հայտնում Թունիսի, Թուրքիայի, Ռուսաստանի, Լիբանանի ու Ֆրանսիայի կառավարություններին: