Ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:
Նա իր ուղերձում, մասնավորապես, նշել է.
«Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ:
Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին եւ վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների եւ փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի:
Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին եւ պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը:
Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետեւանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երեւույթ, որ կարող է տեղի ունենալ նաեւ ոչ միայն հակամարտության պայմաններում:
Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երեւույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձեւերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձեւերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը եւ մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ:
Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից:
Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից եւ սատար կանգնելով համայն մարդկությանը:




























