ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է մի բանաձեւ, որով կայունության հիմնական սպառնալիքներից մեկն է ճանաչվում երիտասարդության արմատականացումը, որը նպաստում է հակամարտությունների բորբոքմանը: ԱԽ-ն ընդունել է, որ հակամարտությունների մեջ ներքաշված երկրներում հիմնականում 18-29 տարեկաններն են տուժել:

Փաստաթուղթը, որը ԱԽ-ին Հորդանանն էր առաջարկել, միաձայն ընդունվել է Խորհրդի 15 անդամների կողմից: Փաստաթղթում նշված է, որ «այսօրվա երիտասարդ սերունդն աշխարհում երբեւէ գոյություն ունեցածներից ամենաբազմաքանակն է», ընդ որում զինված հակամարտություններից տուժած երկրների բնակչության մեծամասնությունը հիմնականում հենց երիտասարդներն են:

Բանաձեւը նշում է, որ երիտասարդ մարդկանց աշխատանքը կարող է նպաստել արդարադատության ու հաշտեցման ապահովմանը: Ընդգծվում է այն կարեւոր դերը, «որը երիտասարդությունը կարող է կատարել հակամարտությունների կանխարգելման ու կանոնակարգման գործում»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Արմատականացման աճը մինչեւ այն մակարդակ, որը բռնություններ ու բռնի ծայրահեղականություն է ծնում, առաջին հերթին երիտասարդության շրջանում, սպառնում է կայունությանն ու զարգացմանը ու մեծամասամբ կարող է խաթարել խաղաղարար ջանքերը եւ նպաստել հակամարտությունների բորբոքմանը»,- ասված է փաստաթղթի շարադրանքում: