Խտրականության յուրաքանչյուր դրսեւորում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաեւ բռնության հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում: Այս մասին, դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի եւ Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից:

Միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Մոգենս Լիկեթոֆտը, Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը եւ ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: Քննարկման բանախոսներն էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Դեվիթ Թոլբերտը, Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խթանման եւ հանցանքի չկրկնման հարցերով հատուկ զեկուցող Պաբլո դե Գրեֆը, ինչպես նաեւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Էլիզա ֆոն Հոյդեն-Ֆորժին: Ելույթներով հանդես եկան նաեւ տարածաշրջանային խմբերում նախագահող անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշեց, որ ԳԱ 69/323 բանաձեւով հռչակված միջազգային օրը կոչ է անում հավաքական պատասխանատվություն դրսեւորել ցեղասպանության ոճրագործության զոհերի առջեւ: Նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` աջակցելու 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության ամրապնդմանն ու կանխարգելման համակարգի համար կուռ հիմքեր կառուցելուն ուղղված միջազգային ջանքերին: Այս կապակցությամբ դեսպանի կողմից հիշատակվեց 2015թ. Հայաստանի կողմից նախաձեռնված եւ կոնսենսուսով ընդունված ԳԱ եւ ՄԻԽ համապատասխան բնանաձեւերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցաբերված աջակցությամբ համար: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաեւ 2015թ. ապրիլին Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին:

Անդրադառնալով ԳԱ նախագահի եւ ԳՔ տեղակալի` ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել անցյալում մարդկության կողմից ցուցաբերված անգործության զոհերի արժանապատվության հիշատակին: ՀՀ դեսպանը հավելեց, որ օրվա խորհուրդը նշանավորվում է ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից կարեւորագույն փաստաթղթի ընդունման պատմական իրադարձությամբ, այլ նաեւ հանցագործությանը մարտահրավեր նետելու եւ ի վերջո այն կասեցնելու քաղաքական, իրավական ու բարոյական համընդհանուր պատասխանատվության պատգամով` որպես «բարոյական եւ քաղաքական հրամայական»:

«Նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», - հիշեցրեց Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով ցեղասպանական միտումները արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառներն ուսումնասիրելու կարեւորությունը: Ըստ դեսպանի, «խտրականության յուրաքանչյուր դրսեւորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաեւ բռնության հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում»:

Օրվա բանախոսներն անդրադարձան ցեղասպանության պատճառներին ու հետեւանքներին, ցեղասպանական դրսեւումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության կարեւորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության եւ մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին: