Chevrolet-ն Դիթրոյթի ավտոսալոնում կներկայացնի նոր Cruze հեթչբեքը:

Ինչպես հայտնում է «Կալյոսան», ավտոմեքենան նույն անվային բազան ունի, ինչ սեդանը՝ 2 700 մմ: Ընկերությունում ասում են, որ փորձել են «հինգդռնանին» առավելագույնս մարզական դարձնել, ինչը դրա հարմարության հետ միասին մոդելը շատ գրավիչ է դարձրել: Բագաժային բաժնի ծավալը 524 լիտր է, իսկ հետեւի նստատեղերը ծալելու դեպքում՝ 1336 լիտր:

Հայտնի է, որ նոր հեթչբեքն առաջարկվելու է LT, Premier տարբերակներով ու RS փաթեթով: Արդեն հայտնի են այն հիմնական առավելությունները, որոնց շնորհիվ «հինգդռնանին» կշրջանցի իր մրցակիցներին՝ MyLink մեդիահամակարգը՝ Apple CarPlay, Android Auto եւ վերջին սերնդի G/LTE բջջային ինտերնետի աջակցությամբ, կայանատեղիից դուրս գալիս՝ հանդիպակաց ուղությամբ շարժվող օբյեկտների մասին տեղեկացնելու գործառույթով հատուկ համակարգը, ծնողական վերահսկողությունը՝ արագության ու մեքենայի որոշ գործառույթների սահմանափակումով, եթե ղեկին դեռահաս է կամ էլ սկսնակ վարորդ:

Ընկերությունից նշել են, որ հետեւի ուղեւորները գոհ կլինեն ազատ տարածքի քանակից՝ այս չափանիշով Cruxe հեթչբեքը առաջ է անցնում Ford Focus եւ Hyundai Elantra մոդելներից:

Շարժիչը սկզբնական շրջանում կներկայացվի միայն 153 ձիաուժ հզորությամբ ու 1.4 լ ծավալով: Այն կունենա մեխանիկական եւ ավտոմատ կառավարման հնարավորությոն:Հետագայում մեքենան կունենա նաեւ դիզելային մոդիֆիկացիա:

Նորույթը գինը դեռ չեն հայտնել: Cruze հեթչը շուկայում կհայտնվի 2016 թ. աշնանը: