Ռուսաստանում 2016թ. գնաճի մակարդակը կկազմի 10.5 տոկոս, իսկ 2017թ. այն կնվազի մինչեւ 7.1 տոկոս։ Այս մասին ասված է ՄԱԿ՝ Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի ներկայացրած «Աշխարհում տնտեսական վիճակն ու հեռանկարները» թեմայով զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն փորձագետների՝ անցյալ տարի Ռուսաստանում գնաճը կազմել է 15.9 տոկոս։ Հաղորդվում է, որ երկրի տնտեսական վիճակի վրա բացասական ազդեցություն են թողել միջազգային պատժամիջոցներն ու նավթի գների անկումը։
ՄԱԿ վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016-2017թթ. Ռուսաստանի ՀՆԱ աճը 0-ից կդառնա 1.2 տոկոս։
Ռուսաստանի տնտեսական խնդիրները կանդրադառնան նաեւ ԱՊՀ մի շարք երկրների վրա, քանի որ նրանք մեծապես կախված են ՌԴ տրանսֆերտներից, նշում են վերլուծաբանները։ Ընդ որում, ԵՏՄ ստեղծումը դիտարկվում է որպես դրական քայլ, որը նոր հնարավորություններ կբացի առեւտրի եւ տարածաշրջանում ներդրումների աճի համար։
Հունվարի 15-ին Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել էր Ռուսաստանի տնտեսության վատթարացման մասին իր կանխատեսումները՝ ընթացիկ տարում անկման մակարդակը սկզբնական 0.6 տոկոսից դարձնելով 1 տոկոս։ Իսկ հունվարի 7-ին հրապարակված Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2016թ. Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 0.7 տոկոս։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե երկիրը հաղթահարել է ճգնաժամի գագաթնակետը։



























