Տասը պետություններ զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, անդամավճարները չմուծելու պատճառով, հայտնում է Associated Press-ը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Պարտապանների շարքում է մասնավորապես Վենեսուելան, որը հիմա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամն է ( 2016 թ փետրվարին Վենեսուելան կդառնա նախագահող երկիր): Երկրի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 3 մլն դոլար, հայտնում է Slon –ը:

Վելեսուելայից բացի, ձայնի իրավունքից զրկվել են Դոմինիկյան Հանրապետությունը, Սենթ Վինսենթն ու Գրենադինան, Բուրունդին, Բահրեյնը, Լիբիան, Մալի, Մարշալյան կղզիներն ու Վանուատուն:

Եվս հինգ երկրներ, որոնք նույնպես ժամանակին չեն մուծել անդամավճարները, չեն զրկվել ձայնի իրավունքից, քանի որ այնտեղ հիմա կոնֆլիկտային քաղաքական իրավիճակ է՝ դրանք են Կոմորյան կղզիները, Գվինեա Բիսաուն, Սան Տոմեն ու Փրինսիփին, Սոմալին ու Եմենը: ՄԱԿ-ը թույլ է տվել նրանց քվեարկել մինչեւ ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ մինչեւ սեպտեմբեր:

Մյուս պարտապան երկրները կարող են քվեարկելու իրավունք ունենալ միայն արտակարգ դեպքերում: