Աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը կքննարկի երկրում  15-ամյա քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, երբ ՄԱԿ-ը նրան հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Նման պայման է հնչեցվել Կատարում ֆորումի ընթացքում, գրում է   Reuters-ը:

Խոսքը ՄԱԿ-ի որոշման մասին է, որը սահմանափակում է   «Թալիբանի» առաջնորդների շարժունակությունը եւ ֆինանսական ակտիվները կառավարելու հնարավորությունները: «Թալիբանից» իր անունը չհայտնած աղբյուրի խոսքով,  խմբավորումը պահանջում է, որ իր անդամներին թույլ տրվի  «անխոչընդոտ ճամփորդել աշխարհում», հետո միայն կքննարկի խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը:

Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», հունվարի 18-ին Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քառակողմ բանակցությունների երկրորդ փուլը:  ԱՄՆ-ի, Չինաստանի եւ հենց Աֆղանստանի ներկայացուցիչները   արմատական «Թալիբան» խմբավորման հետ 15-ամյա հակամարտությանը վերջ դնելու «ճանապարհային քարտեզ» են մշակում: Շուտով միջնորդների մտահղացման համաձայն, բանակցությունների սեղանի շուրջ կնստեն նաեւ թալիբների առաջնորդները: