Հորդանանցիները մեծ դժվարությունների են բախվում զրկանքների արդյունքում, որոնց պատճառը թագավորություն ժամանած հարյուր հազարավոր սիրիացի փախստականներն են: Լոնդոնում Սիրիայի դոնոր-երկրների համաժողովից առաջ բրիտանական BBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը:

«Փախստականների հսկայական հոսքը մեծ ճնշում է Հորդանանի սոցիալական ծառայությունների, ենթակառուցվածքների եւ տնտեսության համար: Այն հանգեցրել է նաեւ հորդանանցիների համար աշխատատեղերի կրճատման: Կառավարությունը պետբյուջեի 25%-ը վատնում է փախստականներին օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է թագավորը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սիրիայի դոնոր-երկրների համաժողովը մեկնարկելու է փետրվարի 4-ին՝ նպատակ ունենալով միջոցներ հավաքագրել սիրիացի փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելու համար: Համաժողովի հովանավորներն են ՄԱԿ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Քուվեյթն ու Նորվեգիան: