Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցող կողմերից ոչ մեկը դեռեւս զիջումների գնալու պատրաստակամություն չի դրսեւորել։ Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին հերթին կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ նվազագույն զիջումների, եւ մենք կանգ ենք առել ընթացակարգային կազմակերպչական դետալների վրա։ Վերջապես ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունը շրջափակված քաղաքներին հումանիտար օգնություն մատակարարելու ճանապարհները բացելու պատրաստակամության ազդակներ չեն ուղարկում»,- ասել է նա։

Դե Միստուրան վստահ է, որ եթե Սիրիայի հարցով խորհրդակցությունները տապալվեն, ապա բացառված չէ, որ Սիրիան կդադարի գոյություն ունենալ։

«Միայն հրադադարի ամբողջական պահպանումը թույլ կտա խոսել լուրջ հարցերի, ինչպես օրինակ, ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, նոր կառավարություն ձեւավորելու, ՄԱԿ հսկողության ներքո ընտրություններ անցկացնելու, նոր սահմանադրություն ունենալու մասին»,- պարզաբանել է դիվանագետը։

Բանագնացը նախազգուշացրել է, որ Սիրիայում բռնությունն աճում է, իսկ ռազմական գործողությունները՝ ակտիվանում։ Դե Միստուրան հնարավոր է համարել փետրվարի 25-ից շուտ բանակցությունների սեղանին վերադառնալու տարբերակը, եթե Սիրիայում կշիռ ունեցող բոլոր երկրները առավելագույն ջանքեր գործադրեն՝ խաղաղ բանակցություններին պատրաստ լինելու մասին վկայող ազդակների հասնելու համար։