Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման ժամանակ Լոնդոնը Մոսկվայից հստակ առաջարկներ է ակնկալում Սիրիայում հրադադարի շուրջ: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանն ու այլք հստակ գաղափարներ կառաջարկեն, որոնք կօգնեն հասնել համազգային հաշտեցման, վերականգնել մարդասիրական օգնության հասանելիությունը, որտեղ այն անհրաժեշտ է, եւ կօգտագործեն ռեժիմի վրա իրենց ազդեցությունը՝ օդային ռմբակոծությունները դադարեցնելու համար: Կարծում եմ, որ սրանք երեք հիմնական կետերն են»,- ընդգծել է Մեթյու Ռայքրոֆթը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հույս է հայտնել, որ միջսիրիական ուղղակի բանակցությունները, որոնք հնարավոր չեղավ անցկացնել հունվարի վերջին, կվերականգնվեն փետրվարի 25-ից ոչ ուշ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հաղորդել էր, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը, որը կայանալու է Մյունխենում, փետրվարի 11-ին, Մոսկվան պատրաստվում է նոր գաղափարներ առաջարկել Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ հակամարտության կարգավորման, այդ թվում՝ հրադադարի շուրջ: