NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 15–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»։
Էթիկայի հանձնաժողովը վերջապես սկսել է քննարկել Շուշան Պետրոսյանի հարցը։ Արթուր Սաքունցը, որը պատգամավորի դեմ բողոք էր ներկայացրել, նիստին ներկա չէր։ Մինչդեռ երգչուհին, որը «Ֆեյսբուքում» լակոտ էր անվանել բանակը քննադատած աղջկան ու սպառնացել էր կտրել ականջները, Ազգային ժողով էր գնացել բարձր տրամադրությամբ։ Նրա հարցով որոշում այսօր հանձնաժողովը չկայացրեց։
Փետրվարի 13–ը նրանց համար ճակատագրական դարձավ։ Նույն օրը երկու երեխա ընկավ երկրորդ հարկի աստիճաններից` մեկը Կոտայքում, մյուսը` Երեւանում։ 2–ամյա աղջիկն իրենց տան աստիճաններից էր գլորվել ու դժբախտաբար մահացել։ 11–ամյա Վահեն, որն ընկել էր երեւանյան մանկական սրճարանում, արդեն ապաքինվում է։ Բժիշկները փրկել են նրա կյանքը, բայց ստիպված են եղել հեռացնել փայծաղը։
Վարդգես Գասպարին նորից պառկել է, այս անգամ` դատարանում։ Քաղաքացիական ակտիվիստն այդ կերպ բողոքում էր իրեն բերման ենթարկելու որոշման դեմ։ Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող Գասպարին հրաժարվում էր ներկայանալ նիստերին, դատարանն էլ նրան բերման է ենթարկել։
Տոնածառի հագուստով Ազատության հրապարակում շրջելիս ձերբակալված Գեւորգ Սաֆարյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը այսօր կրկին մերժեց գրավով ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստին, որին մեղադրում են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Սաֆարյանին սատարողները բարկացան ու ձվեր նետեցին դատարանի շենքի վրա։
Լոռու, Տավուշի եւ Սյունիքի 19 գյուղ ու քաղաք այլեւս գոյություն չունի։ Կիրակի կայացած ընտրությունների արդյունքում դրանք միավորվեցին, եւ ստեղծվեց երեք խոշոր համայնք` Տաթեւը, Թումանյանը, Դիլիջանը։ Սրանով մեկնարկեց համայնքների խոշորացման ծրագիրը Հայաստանում։ Ի դեպ, բոլոր երեք ընտրված համայնքապետերը հանրապետական են։
Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամը քվեարկել էր ուրիշի փոխարեն։ 59–ամյա Վարդանուշ Աթեյանը այսօր ընտրակեղծիքի համար տուգանվեց 500 հազար դրամով։ Որպես համատիրության կառավարիչ` տեղյակ էր, որ Ռաֆայելյանները ընտանիքով չեն գալու քվեարկության եւ նրանց փոխարեն «այո»–ի դիմաց նշում է արել։ Պատճառաբանում է, որ շատ էր հավանել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը։
Սիրիան ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին խնդրել է խելքի բերել Թուրքիային։ Նախօրեին թուրքական սահմանով ռազմական շարասյուն է մտել Սիրիայի տարածք` ականանետերով եւ 100 զինված վարձկաններով։ Սիրիայի արտգործնախարարության այս տեղեկությունը Թուրքիան հերքել է։ Բայց ընդունել է, որ երկու օր առաջ Սիրիայի քրդաբնակ տարածքները իրենք են հրետակոծել, քանի որ այնտեղից սպառնալիք էին նկատել։
Խաժակի մերժված սերը միավորել է տարբեր երկրների երիտասարդներին։ Նրանք բոլորը` ամեն մեկն իր լեզվով Աչեր անունով աղջկան խնդրում են հնարավորություն տալ Խաժակին, որն այժմ հայկական զինված ուժերի զինծառայող է։
Դոլարի, եվրոյի եւ ֆունտի փոխարժեքները փետրվարի 15–ին նվազել են։ Դոլարն այսօր 495 դրամ է, եվրոն` 555 դրամ, բրիտանական ֆունտը` 717։ Աննշան աճ է գրանցել ռուսական ռուբլին` կազմելով 6 դրամ 37 լումա։
Առաջիկա երկու օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը եւս 3–5 աստիճանով կբարձրանա։ Վաղը Երեւանում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 13–ի։ Տեղումներ դեռ չեն սպասվում։











