Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ։

«Սիրելի տիկին Լեա Բուտրոս-Ղալի,

Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին:

Նա մշտապես կհիշվի, որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը` որպես կարկառուն պետական գործիչ եւ փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը եւ բարեկեցությանը:

Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն` Բուտրոս Բուտրոս-Ղալիին, որի հետ հանդիպումներից մնացել են ամենաջերմ եւ վառ հիշողություններ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, Բուտրոս Բուտրոս-Ղալիի ընտանիքին, ընկերներին, գորընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր սգում են այս կորուստը»,- ասվում է Էդվարդ Նալբանդյանի ուղերձում։