Նիգերիայի հյուսիս-արեւելքում ավելի քան 50 հազար մարդ սովամահության վտանգի առաջ է կանգնել «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ՄԱԿ հայտարարությունը։

Բորնո նահանգի որոշ շրջաններ շատ վտանգավոր են հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են հակամարտության գոտիներում սննդամթերքի մատակարարումներով։ Այդ պատճառով նահանգի մոտ 54 հազար բնակիչ, պարենային անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման համաձայն, «աղետալի» վիճակում են։ Նիգերիայում հիմա պարենամթերքի ոլորտում արտակարգ դրության բարձրագույն մակարդակ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եվս 78 հազար մարդ այդ նույն նահանգում եւ հարեւան երկու նահանգներում բարդ պայմաններում են ապրում։ Այստեղ սննդամթերքի պակասի բարձր մակարդակ է գրանցվել։ Նիգերիայի հյուսիս-արեւելքում մոտ 4 մլն մարդ հումանիտար պարենային օգնության կարիք ունի, քանի որ մշտապես բնակվում է հակամարտության պայմաններում։