Թուրքական Sozcu պարբերականի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Սիրիայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կողմից համաձայնությամբ հրադադարի հաստատմանը։

Թուրք վերլուծաբանը սկզբում շեշտել է, թե հրադադարի հաստատումը Թուրքիայի համար 2 կարեւոր հարցում հարցականներ առաջացրեցին։ Հիշեցնելով, որ հրադադարը չի վերաբերվելու ԻՊ-ին, Ալ-Նուսրային ու ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական հայտարարված կառույցներին, Զեյնեփ Գյուրջանլըն շարունակել է, որ քրդական YPG-ն, որին ՄԱԿ-ը ահաբեկչական չի համարում, կարող է շարունակել առաջխաղացումը դեպի Եփրատի արեւմտյան ափ, որն էլ ԻՊ-ի վերահսկղության տակ է։

«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Եփրատի արեւմտյան ափն իրենց կարմիր գիծն է ու եթե քրդերը մոտենան, իրենք կհարվածեն։ Այսինքն, եթե YPG-ն հարվածի ԻՊ-ին ու առաջանա դեպի Եփրատի արեւմտյան ափ, նա հրադադարը չի խախտում, իսկ Թուրքիան YPG-ին հարվածելու դեպքում աշխարհում կընկալվի հրադադարը խախտող կողմ»,-գրել է թուրք վերլուծաբանը։

Զեյնեփ Գյուրջանլըն նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության արդյունքում YPG-ն Սիրիայում  օրինական խաղացող է դառնում։ «Ավելին, քրդական YPG-ից բացի Իրանի կողմից աջակցություն ստացող Հզբոլահի զինյալները եւս օրինական դերակատար են դառնում»,-ամփեփել է Sozcu-ի վերլուծաբանը։