Սիրիայի տարածքում Հմեյմիմ ռուսական ավիաբազայում ստեղծվել եւ աշխատանքն է սկսել Հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հաստատման համակարգող կենտրոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Կենտրոնը ստեղծվել է փետրվարի 22-ին Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությանը համապատասխան՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմների իրականացման համար:
Կոնաշենկովի խոսքով, կենտրոնի հիմնական նպատակներն են լինելու սիրիական իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ հաշտեցման շուրջ բանակցային գործընթացին սատարումը՝ բացառությամբ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների:
Ըստ ՏԱՍՍ-ի, ավելի վաղ Սիրիայի իշխանությունները համաձայնել էին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությանը:





























