ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանի ԱԻՆ-ի միջեւ այսօր՝ փետրվարի 26-ին, ստորագրվել է Մաքսային ռեժիմի դյուրացման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, որը կնպաստի մարդասիրական օգնության ապրանքների եւ օգնություն տրամադրող անձնակազմի ունեցվածքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման գործընթացի արագացմանը աղետների ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում: Սա նորարարական նախաձեռնություն է տարածաշրջանում եւ հանդիսանում է պատրաստվածության ամրապնդմանն ուղղված կարեւորագույն քայլ:
Հայաստանի խոցելիությունը բնական աղետների նկատմամբ ՀՀ կառավարությանը դրդել է խթանել միջազգային օգնության արագ ընդունումը արտակարգ իրավիճակներում` նվազեցնելով մաքսային ընթացակարգերի հետ կապված խոչընդոտները: ՄԱԿ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են դեռեւս 2013 թվականից: Մինչ օրս նման համաձայնագրեր ստորագրվել են Բելառուսի, Բութանի, Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Լիբերիայի, Մալիի, Մոլդովայի, Նեպալի եւ Ուզբեկստանի կառավարությունների հետ:
ՄԱԿ-ի եւ նրա անդամ-պետությունների միջեւ մաքսային ոլորտի համաձայնագրի այս մոդելով, որ մշակվել է 1994 թ. ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի կողմից եւ հաստատվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից 1996թ., առաջարկվում է իրականացնել միջոցառումներ` արագացնելու մաքսազերծման ընթացակարգերը, ներառյալ` փաստաթղթավորման եւ ստուգման պարզեցված գործընթացները, ներմուծվող ապրանքների նկատմամբ տուրքերի եւ հարկերի ժամանակավոր կամ մշտական չկիրառումը, ինչպես նաեւ մաքսազերծման նախապատրաստական աշխատանքների պաշտոնապես սահմանված աշխատանքային ժամերից եւ վայրերից դուրս իրականացումը:
Այսօր ստորագրված համաձայնագիրը կխթանի աղետի ժամանակ արտաքին օժանդակության նպատակով տուժած երկիր մարդասիրական օգնության ապրանքների, այդ թվում որոնման եւ փրկարարական թիմերի, որոնողական շներով հագեցված խմբերի ու շարժական կլինիկաների արտակարգ կապի բարձր տեխնոլոգիաների սարքավորումների եւ շտապ օգնության այլ պարագաների արագ ներկրման, արտահանման եւ տարանցման գործընթացները:
Նման համաձայնագրերը երկրի իշխանությունների կողմից տրամադրվող կարեւորագույն տեղեկատվության հետ մեկտեղ հնարավորություն են տալիս ՄԱԿ-ի գործակալություններին, միջկառավարական, պետական եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ մարդասիրական ոլորտի այլ դերակատարներին կապվել համապատասխան ազգային մաքսային մարմինների հետ մարդասիրական օգնության ապրանքների արագ ներկրման համար, ինչը կծառայի մարդկային կյանքեր փրկելու ու տուժածների տառապանքը մեղմելու նպատակին:




























