NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 26–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»

Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով երիտասարդ եղբայրներ են մահացել: BMW մակնիշի մեքենան Սարուխան գյուղի մոտ Գավառի ճանապարհին բախվել է ծառին, ինչի հետեւանքով 27-ամյա վարորդը՝ Նվեր Գաբոյանը  մահացել է տեղում, իսկ եղբայրը ՝ 25-ամյա Համլետը՝ հիվանդանոցի ճանապարհին:

Մերձմոսկովյան շրջանում հայ գործարար է սպանվել: 34-ամյա Սերգեյ Մկրտչյանը «Մեդոմ» ընկերության բաժնետերերից էր: Ականատեսի պատմածով՝ մարդասպանը ավտոլվացման կետում օրը ցերեկով մոտեցել է Սերգեյի մեքենային ու հինգ կրակոց արձակել նրա վրա։ Քննիչները դիտարկում են գործընկերների կողմից հաշվեհարդարի վարկածը:

Վարդգես Գասպարին ազատության մեջ է, նրա խափանման միջոցը փոխվել է: Կալանավայրից ակտիվիստին ուղիղ դատարան են տարել՝ մասնակցելու նրա դեմ քրեական գործով հերթական նիստին: Նիստն այնքան բուռն մթնոլորտում է անցել, որ դատավորը ստիպված հետաձգել է այն: Գասպարին ազատության մեջ հարազատներին առաջին անգամ հանդիպել է դատարանում: Նիստից հետո պատմել է՝ ինչ բռնությունների է ենթարկվել կալանավայրում: 

Պերմյակովին սահմանի մոտ ձերբակալելուց հետո ռուսները  նրան սահմանապահ ջոկատ են հասցրել կարճ՝ երկրորդական ճանապարհներով, որոնք, իհարկե, դուրս էին հայ ոստիկանների հսկողությունից: Այսօր Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին ռուս սահմանապահները նաեւ ասել են, թե սահմանապահ ջոկատում, որտեղից Պերմյակովին բազա են տեղափոխել,  եղել են նաեւ հայ ոստիկաններ, սակայն  չեն կարողացել պատասխանել այն հարցին՝ արդյոք նրանք պահանջել են Պերմյակովին հայկական կողմին հանձնել:

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները պահանջում են Սամվել Ալեքսանյանին, որպեսզի նա աջակցի իրենց տաղավարների վարձավճարների նվազեցման համար պայքարում: Տոնավաճառի սեփականատիրոջ հետ նրանք այսօր այդպես էլ համաձայնության չեկան: Մոտ մեկ ժամ աշխատակիցներն ի նշան բողոքի փակել էին Րաֆֆու փողոցը, ոստիկանները նրանց հեռացրել են ուժով

Թափառող շներին պետք է ոչ թե ոչնչացնել, այլ ստերջացնել: Այս պահանջով մի խումբ կենդանասերներ բողոքի ակցիա են արել քաղաքապետարանի մոտ, ապա ուշադրության չարժանանալով, ակցիան տեղափոխել կառավարության դիմաց: Այստեղ նրանց լսել է նամակների բաժնի ղեկավարը, որն ավելի է բարկացրել ցուցարարներին՝ նշելով, որ թափառող շներին պետք է վերացնել, որովհետեւ նրանք քերծել են իր ավտոմեքենան:

Վանաձորցի 46-ամյա Ռոբերտը մեխերով վնասել է իր սիրտը: Ասում են՝ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի հայրը այդ քայլին է գնացել պարտքերի պատճառով: Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, ապա Երեւան: Նրա վիճակն այժմ կայուն է:

Մի տղամարդ էլ ինքնասպանության փորձ է կատարել հենց հիվանդանոցում: Սա ըստ էության նրա երկրորդ չստացված փորձն է նույն օրվա ընթացքում: Տղամարդը Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել դաստակի վնասված երակներով: Եվ մինչ բժիշկները կհասցնեին նրան օգնություն ցուցաբերել, նետվել է հիվանդանոցի 4-րդ հարկից եւ ունեցած վնասվածքներին մի քանի կոտրվածք ավելացրել: Վիճակը կայուն ծանր է:

«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը հայտնվել է հեղինակավոր «Forbes Woman» ամսագրի վերջին համարի շապիկին: Ամսագիրը նրան նկարագրել է որպես կնոջ, որը չի ապավինել միայն հարուստ հայրիկի ժառանգությանը եւ բազմակողմանի զարգացած է: 25-ամյա Տաթեւիկ Կարապետյանը ղեկավարում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը:

No Comment. Իմ շունը դեպրեսիայի մեջ է ընկել:

ԱՄՆ դոլարի, ռուսական ռուբլու, եվրոյի ու ֆունտի փոխարժեքներն այսօր աճել են։ Դոլարն այսօր՝ 492 դրամ է, ռուբլին 6,57 եվրոն՝ 542 դրամ։ Ամենամեծ աճն այսօր բրիտանական ֆունտն է գրանցել։  ֆունտի փոխարժեքը հասել է 690 դրամի՝  աճելով 5.88 դրամով։

Փետրվարի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։  Այս գիշեր մայրաքաղաքում կլինի մինչև 6, իսկ վաղը ցերեկը` մինչև 18 աստիճան տաքություն: