Սիրիայում հրադադարի պահպանումը պայմաններ կստեղծի Ժնեւում բանակցությունների վերսկսման համար: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում: «Դա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային հնարավորություն կտա Ժնեւում վերսկսել միջսիրիական բանակցությունները եւ պայմաններ ստեղծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն համաձայնեցված քաղաքական անցման համար», - նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մոգերինիի խոսքով, այդ հրադադարը բռնությանը վերջ դնելու առաջին շանսն է, որը չի կարելի բաց թողնել: «Եթե դա հաջողվի, պայմաններ կստեղծվեն Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնության ամբողջական, կայուն եւ անխոչընդոտ տրամադրման համար: Դա հնարավորություն կտա իրականացնել վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք համաձայնեցվել են Անվտանգության խորհրդի հետ», - ընդգծել է նա:
Կառավարական զորքի եւ ընդդիմության զինված կազմավորումների միջեւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը Սիրիայում ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով 00:00-ին: Հրադադարի հաստատումից մեկ ժամ առաջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախումների դադարեցմանն աջակցող որոշում է ընդունել: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից պատրաստված փաստաթուղթը ԱԽ-ի բոլոր 15 անդամ-երկրների աջակցությանն է արժանացել: Ինչպես Ժնեւի ազգերի պալատում ճեպազրույցի ընթացքում իր հերթին նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան, հրադադարի ռեժիմին արաբական հանրապետությունում համաձայնել է 97 զինված խմբավորում: «Սահմանված ժամկետում, ուրբաթ կեսօրին, 97 զինված խմբավորում, ինչպես նաեւ երկրի կառավարությունը եւ միջազգային խաղացողները հայտնեցին ռազմական գործողությունների դադարեցման շրջանակին համաձայնելու իրենց ցանկությունը», - նշել է նա:





























