Ադրբեջանի Գաբալայի շրջանի 25 բնակիչ այսօր սպիտակ դրոշներով փորձել են մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Աղդամի ուղղությամբ: Սակայն ադրբեջանցի ուժայինները կանխել են սահմանահատման փորձը: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ գյուղացիներին այդ քայլին են դրդել պաշտոնյաների ճնշումները:

Լոռու մարզի Վահագնի գյուղում այս գիշեր տուն են հրկիզել: Տանտերը Արմեն Կախյանն է, որը մեղադրվում է համագյուղացուն օրեր առաջ սպանելու մեջ: Գյուղում կարծում են, որ սա վենդետա է, որն իրականացրել են սպանվածի հարազատները: Արմենի գտնվելու վայրը հայտնի չէ, նրան որոնում է ոստիկանությունը:

73-ամյա կնոջ մահվանից 4 օր անց ոստիկանները պարզել են, որ նա մահացել է բռնության հետեւանքով: Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակչուհուն ոստիկանության տվյալով՝ տանջամահ են արել համագյուղացիները՝ 17-ամյա երկու պատանի, որոնց տիկին Շուշանն իր տուն էր հրավիրել՝ ալեհավաքը վերանորոգելու: Տղաներին դա չի հաջողվել, տիկին Շուշանը բարկացել է, նրանք էլ ծեծել են կնոջը, ապա խեղդամահ արել:  Ենթադրվում է, որ կնոջը սպանել են մտավոր խնդիրներ ունեցող դստեր աչքի առջեւ:

Վալերի Պերմյակովը ձերբակալվելուց անմիջապես հետո ասել է, թե Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելուց հետո մինչեւ սահման հասնելը սնվել է ոմն տաքսիստի բերած շաուրմայով եւ կոլայով: Նախաքննությունը պարզել է, որ ոչ մի տաքսիստ էլ չի եղել, Պերմյակովը ստել է:

Ընտանեկան սպանդ Միացյալ Նահանգներում: Տղամարդը սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան եղել: Տղամարդը զանգել է ոստիկանություն ու ասել, որ գնդակահարել է իր ընտանիքին, ապա երբ ոստիկանները եկել են, ինքասպան է եղել նրանց աչքի առջեւ: Երկու սպանված տղաներին ընտանիքը որդեգրել էր Ռուսաստանում:

Աշխարհը շունչը պահած հետեւում է Սիրիային, որտեղ այսօրվանից ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնությունը: Ռուսաստանը, միջազգային կոալիցիոն ուժերը, Սիրիայի իշխանությունը եւ ընդդիմությունը հայտարարել են, որ երկու շաբաթով դադարեցնում են ռազմական բոլոր գործությունները, բայց շարունակելու են հարվածել Իսլամական պետության եւ ահաբեկչական մյուս խմբավորումների դիրքերին: Ի դեպ, վերջինները հրադադարի առաջին իսկ օրը մի քանի պայթյուններ են իրականացրել Սիրիայում տարածքում:

Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկու հայազգի թեկնածու՝ Կարեն Խանլարյանը ու Ժորժ Աբրահամյանը: Մյուս երկու հայ թեկնածուները մրցապայքարից դուրս են մնացել:

Մալաթիայի տոնավաճառի առեւտրականների բողոքի երկօրյա ակցիաները արդյունք չեն տվել: Սեփականատերն վճռական է տրամադրված՝ 20 հազար դրամով իջեցրել է տաղավարների ամսական վարձավճարը եւ այլեւս ոչ մի լումա չի զիջելու: Առեւտրականների մեծ մասը հույսը կտրել է եւ այսօր արդեն վերադարձել աշխատանքի: Փոքրաթիվ բողոքողների հետ տնօրենն այսօր արդեն խոսեց ոչ թե համոզողի, այլ սպառնացողի դիրքերից:

Վարորդները կառավարությունից պահանջում են վերջ տալ ԱՊՊԱ գործակալների խաբեություններին: Նրանք խաբում են օրենքներից անտեղյակ վարորդներին եւ գումարներ շորթում:  Մեքենան այնքան են պահում տուգանային հրապարակում, մինչեւ վարորդները համաձայնում են առաջարկվող փոխհատուցման չափին: Իսկ եթե վարորդը համաձայն չէ, նա երբեք չի գտնի որոշումը կայացրած ԱՊՊԱ-ի փորձագետին: 

Մարտի 6-ից անալոգային հեռարձակումը կանջատվի հանրապետության 7 մարզերում՝ Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Տավուշ: Այս  մարզերում անապահով խավին կառավարությունն արդեն բաժանել է թվային հեռարձակման սարքերը:

Հռչակավոր ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը բացօթյա համերգ է տվել Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկում: Աշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած գյումրեցի երիտասարդի համար դաշնամուրը տեղադրել էին անապահով ընտանիքներից մեկի տնամերձ այգում: Համերգը բարեգործական էր, հավաքված գումարը կծախսվի Գյումրու անօթեւան ընտանիքների համար տուն կառուցելու նպատակով:

Բրիտանացի բլոգերը սելֆիի ձողի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա 9 ու կես մետր երկարությամբ սելֆիի ձող է պատրաստել:

ՖԻՖԱ-ն նոր նախագահ ունի՝ Ջանի Ինֆանտինոն: 45-ամյա շվեյցարացին, որն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն է, ընտրվել է երկրորդ փուլի արդյունքներով՝ ստանալով 115 երկրների քվեն:

Դոլարի, եվրոյի եւ ֆունտի փոխարժեքները նվազել են, իսկ ռուբլունն աննշան աճել: Դոլարի առքն այսօր  եղել է 489, վաճառքը՝ 493 դրամ: Ռուսական ռուբլին հայաստանյան բանկերը  գնել են 6,43 դրամով, վաճառել՝ 6,74 դրամով: Եվրոյի առքը 536  դրամ է, վաճառքը՝ 547: Բրիտանական ֆունտի առքը փոխանակման կետերում հասել է 679 դրամի, վաճառքը՝ 697-ի:

Փետրվարի 28-ին Հայաստանի որոշ արևմտյան շրջաններում հնարավոր են տեղումներ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն լինի: Երևանում վաղը հնարավոր է անձրև: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի մինչև 6 , իսկ վաղը ցերեկը ՝ մինչև 15 աստիճան տաքություն: Երկուշաբթի օրվանից եղանակը կսկսի աստիճանաբար տաքանալ և  չորեքշաբթի կհասնի + 18-ի: