Եվրամիության անդամները պետք է համաձայնության գան փախստականներին երկրների միջեւ բաշխելու համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը։
Այն Ժնեւում հանձնարարականներ է ներկայացրել մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Թուրքիա հանդիպման համար։ «Այդ առաջարկները հստակ նշում են, որ պատասխանատվության արդար բաշխումը կարգավորող որոշման բանալին է, եւ որ ԵՄ անդամ երկրները պետք է համաձայնեցնեն տոկոսային համակարգը ապաստան խնդրող փախստականների համար»,- ասել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ հիմա Հունաստանում կա մոտ 30 հազար փախստական, ընդ որում, նրանց 1/3-ը Իդոմենի գյուղում է՝ Մակեդոնիայի հետ սահմանին։ «Իրավիճակը վատանում է»,- ասել է Ֆլեմինգը՝ հավելելով, որ հազարավոր մարդիկ բաց երկնքի տակ են սպասում օգնության կամ տեղեկության։





























