Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ ոչ անմիջական միջսիրիական բանակցությունները կմեկնարկեն Ժնեւում մարտի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին: Այս մասին Al Hayat թերթին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով հյուրանոցներում համար ամրագրելու խնդիրները՝ որոշ մասնակիցներ կմիանան մարտի 11-14-ը: «Սկզբում մենք խորհրդակցություններ կվարենք, իսկ հետո կողմերից յուրաքանչյուրի հետ կխորանանք մանրամասների շուրջ»,- նշել է դիվանագետը:
«Առաջին փուլում կքննարկենք նոր կառավարության ստեղծման հարցը, իսկ երկրորդ փուլում՝ նոր սահմանադրության: Երրորդ փուլը նվիրված կլինի 18 ամսվա ընթացքում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքը:





























