Կանայք ապահովում են աշխարհի պարենամթերքի կեսից շատի արտադրությունը, բայց միաժամանակ կազմում են սովյալների ընդհանուր թվի մոտավորապես 70 տոկոսը, քանի որ դառնում են բարիքների անարդար բաշխման զոհը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Հիլալա Էլվերը:
«Կանայք կազմում են աշխարհի սովյալների 70 տոկոսը ու անհամաչափորեն տուժում են թերսնուցումից, չնայած աշխարհի պարենամթերքի արտադրության կեսից ավելին հենց նրանք են ապահովում»,- ասել է Էլվերը, ներկայացնելով իր զեկույցը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդում: Նրա խոսքով աշխարհի շատ երկրներում կանայք բախվում են խտրականությունների ու ավելի քիչ սննդամթերք են ստանում, քան տղամարդիկ, քանի որ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը::
Դա հատկապես վառ է արտահայտվում Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած տարածքներում, որտեղ կանայք արտադրում են սննդամթերքի մինչեւ 80 տոկոսը, նաեւ Ասիայում, որտեղ բրնձի աճեցումով զբաղվող աշխատուժի 50-90 տոկոսը դարձյալ կանայք են: «Սեռային նշանով հասարակական սեգրեգացիան ու խտրականության մյուս տեսակները, որոնց հիմքում կրոնական, ռասսայական, ազգային կամ դասակարգային պատկանելիությունն է, է՛լ ավելի են վատացնում կնոջ վիճակը»,- շեշտել է հատուկ զեկուցողը:





























