Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի պաշարված քաղաքների բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու շուրջ իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Այս մասին Ժնեւում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի խորհրդական Յան Էգելանը:
Ամփոփելով մարդասիրական հարցերով աշխատանքային խմբի նիստի արդյունքները՝ նա նշել է, որ խմբի ստեղծումից հետո մեկ ամսվա ընթացքում հաջողվել է «առաջընթաց արձանագրել» պաշարված շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելու հարցում: Պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր են հասցրել այդպիսի 10 շրջանի բնակչությանը, ընդ որում, 4 շրջանի՝ վերջին շաբաթվա ընթացքում:
Բայց մեկ վատ լուր. նրա խոսքով, առայժմ չի հաջողվում մարդասիրական բեռներ հասցնել պաշարված 6 շրջաններ: Դրա համար հարկավոր է ստանալ Սիրիայի կառավարության համաձայնությունը: «Այնտեղ հասնելու համար մեզ անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ»,- պարզաբանել է դե Միստուրայի խորհրդականը՝ հավելելով, որ այդպիսի երաշխիքներ անհրաժեշտ են ոչ միայն կառավարությունից, այլեւ ընդդիմադիր խմբերից:
Ըստ Էգելանի, ապրիլին կսկսի գործել համաձայնեցման նոր գործընթացը, ինչի շնորհիվ մարդասիրական գործողությունների համակարգը պետք է «ավելի ռացիոնալ, արագ եւ թեթեւ լինի»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ստեֆան դե Միստուրան իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Սիրիայի պաշարված շրջաններում արդեն օգնություն է ստացել 238 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, պարենամթերքով եւ առաջին անհրաժեշտության իրերով 536 բեռնատար է ուղարկվել:





























