ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Լիբիայում տիրող իրավիճակի համար մեղավոր են եվրոպական, մասնավորապես՝ բրիտանական եւ ֆրանսիական առաջնորդները: Այս մասին նա ասել է The Atlantic պարբերականին տված հարցազրույցում:
«Երբ ուղեղումս պտտվում են այդ օրերի իրադարձությունները, եւ մտածում եմ, թե, ամեն դեպքում, ինչն այնպես չէր... Անկասկած, քննադատության առիթ շատ կա. ես վստահում էի եվրոպացիներին այն հարցում, որ նրանք ստեղծված իրավիճակին ավելի շատ ուշադրություն կհատկացնեն՝ հաշվի առնելով սահմանների մերձավորությունը»,- ասել է Օբաման:
Ըստ Lenta-ի, նա առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին: Նրա խոսքով, Լիբիայում միջամտությունից մեկ տարի անց Սարկոզին զրկվեց պաշտոնից, իսկ Քեմերոնը շեղվեց այլ գործերով եւ դադարեց ուշադրություն դարձնել այդ իրադրությանը:
«Մենք լավ իրականացրեցինք մտացվածը: ՄԱԿ-ի մանդատը ստացանք, կոալիցիա կազմեցինք, այդ ամենը մեզ 1 մլրդ դոլար արժեցավ, ինչը շատ քիչ է ռազմական գործողությա համար: Մենք խուսափեցինք խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերից, կանխեցինք այն, ինչը վստահաբար երկարատեւ եւ արյունալի քաղաքացիական հակամարտության պետք է վերածվեր: Բայց, չնայած այս ամենին, Լիբիայում անկարգություն է տիրում»,- հավելել է Օբաման:





























