Բելառուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ձերբակալվել է Եվգենի Բասկինը՝ երկրում թռչնամսի խոշորագույն արտադրող «Սերվոլյուքս» ընկերությունների խմբի սեփականատերը: ՊԱԿ-ը դա չի մեկնաբանում: Ուրբաթ լրատվամիջոցները իմացել էին նաեւ մեկ այլ գործարարի ձերբակալության մասին:
«Թրայփլ» ընկերությունների խմբի ղեկավար Յուրի Չիժի ձերբակալությանը երկուշաբթի երեկոյան հաջորդել էր մեկ այլ գործարարի՝ «Սերվոլյուքս» ընկերությունների խմբի սեփականատեր ու գլխավոր տնօրեն Եվգենի Բասկինի ձերբակալությունը: Այս մասին հայտնել է Tut.by –ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ:
«Չգիտեմ, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվելու: Բայց Բասկինին էլ են «բռնել»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը: Երկրորդը պատմել է, որ « նախօրեին Գյուղատնտեսության նախարարություն էր գնացել, որտեղ երեկոյան հենց միայն Բասկինի խնդիրն էին քննարկում»: «Ասում են, նա էլ է Չիժի ուղով գնացել»,- նշում է մեկ այլ աղբյուր:
Պետական անվտանգության կոմիտեից պարբերականին չեն հաստատել Բասկինի ձերբակալության մասին տեղեկությունը, իսկ «Սերվոլյուքս» ընկերությունից հայտնել են, որ «ամեն ինչ լավ է, գործարանները բնականոն աշխատում են», ղեկավարն էլ «գործուղման է մեկնել»: Tut.by -ին չի հաջողվել կապ հաստատել գործարարի հետ:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր Յուրի Չիժի ձերբակալության մասին, որը լրատվամիջոցների տվյալներով, մտերիմ էր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Աղբյուրներից մեկն էլ պնդում էր, որ այդ որոշումը հենց Լուկաշենկոն է կայացրել ու որ Չիժը «արդեն մի քանի ամիս է շնորհազրկված է»:





























