Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները «Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին» որոշման նախագիծ են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական խորհրդարանի կայքը:
Օրինագծի հեղինակներն են «Ռադիկալ կուսակցություն»-ից պատգամավորներ Օքսանա Կորչինսկայան եւ Յուրի-Բոգդան Շուխեւիչը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ի անդամ Օլեգ Պետրենկոն եւ անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը: Փաստաթղթի տեքստը խորհրդարանի կայքում չի հրապարակվել:
«Ռադիկալ կուսակցության» պատգամավորները 2015 թվականին նույնպես առաջարկել էին խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, սակայն այդ ժամանակ նախաձեռնությանը դեմ էր հանդես եկել Ուկրաինայի ԱԳՆ-ն:





























