Բրյուսելը հերքել է տեղեկությունն այն մասին, որ եվրոպական բանկերին արգելվել է Ռուսաստանում պարտատոմսեր գնել: Սակայն ԵՄ-ն կոչ է անում այդ գործարքներում զգուշավորություն ցուցաբերել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը:
Նրա խոսքով, տնտեսության որոշ հատվածներին վերաբերող Եվրամիության սահմանափակող միջոցառումները չեն արգելում Ռուսաստանի կառավարության թողարկած պարտատոմսերի ձեռքբերման, վաճառքի եւ այլ գործողություններ իրականացնել:
Ամեն դեպքում, դեսպանի հայտարարությունում նշվում է, որ «ԵՄ-ի միջոցառումներն ուղղված են կառույցի կապիտալի հասանելիության սահմանափակում ռուսական որոշակի կազմակերպությունների համար, որոնք պետության սեփականությունն են կամ գտնվում են նրա վերահսկողության ներքո»:
Ելնելով այս հանգամանքից՝ «ցանկացած բանկ պետք է ուշադիր լինի եւ պատճաշ զգուշավորություն ցուցաբերի, որպեսզի ցանկում հայտնված կազմակերպությունները չկարողանան երրորդ անձի օգտագործմամբ հասանելիություն ունենալ դեպի կապիտալի շուկա»:
Ավելի վաղ Financial Times պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Եվրամիության ներկայացուցիչները եվրոպական բանկերին կոչ են անում զերծ մնալ Ռուսաստանի պարտատոմսերի գնումից, չնայած Եվրամիության պատժամիջոցները դրանց ձեռքբերման ուղղակի արգելք չեն նախատեսում:





























